ՈՒզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան, մահացել է թունավորման հետևանքով՝ տեղեկացնում է «Ցենտր-1» կայքը՝ վկայակոչելով ՈՒզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակցին։ Լրագրողների տվյալներով՝ 44-ամյա կնոջը թունավորել են և նա մահացել է նոյեմբերի 5-ին։ Նույն օրը երեկոյան նրան հուղարկավորել են Տաշքենդի «Մինոր» գերեզմանոցում, իսկ գերեզմանը հողին են հավասարացրել:
FlashNord գործակալությունը՝ վկայակոչելով Uzbekistan Press Freedom Group կազմակերպությանը, ևս գրում է, որ Գյուլնարա Քարիմովան մահացել է նոյեմբերի 5-ին «թունավորումից հետո»։ Գյուլնարա Քարիմովայի մահվան մասին տեղեկատվությունը տարածվում է նաև սոցցանցերում: Գյուլնարա Քարիմովան նախկինում աշխատել է ՈՒզբեկստանի ԱԳՆ-ում, երկիրը ներկայացրել է ՄԱԿ-ում։ Մինչև 2013-ը եղել է հաջողակ գործարար։ Նրա վերահսկողության ներքո եղել են հեռուստաալիքներ, ռադիոկայաններ, հագուստի խանութներ, սակայն 2013-ին նոյեմբերին նա զրկվել է ամեն ինչից՝ հոր հետ կոնֆլիկտի պատճառով։