Շանհայի համագործակցության կազմակերպությունը չունի արագ ընդլայնվելու նպատակ՝ հայտարարել է գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի միանալու ցանկությունը: Նա նշել է, որ կազմակերպությանը միանալ ցանկացողների թվում են Սիրիան և ՈՒկրաինան: ՄԱԿ-ում պատասխանելով ՇՀԿ-ին Անկարայի միանալու հեռանկարների մասին լրագրողների հարցերին ՝ Ալիմովը նշել է, որ «Թուրքիան երկխոսության մեջ գտնվող գործընկեր է»:
«Մենք չենք շտապում ընդլայնվել: Այժմ քայլը քայլի հետևից, պարտավորությունների մասին հուշագրի համապատասխան, աշխատում ենք Հնդկաստանի և Պակիստանի հետ: Մենք կավարտենք այդ գործընթացը, այնուհետև կտեսնենք, թե ինչպես է դա աշխատելու: Մենք հանգիստ գնում ենք մեր ճանապարհով: Մենք մեր ծրագիրն ունենք և իրականացնում ենք»,- հայտարարել է Ալիմովը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցությունը երկրի համար միակ տարբերակը չէ, Անկարան քննարկում է ՇՀԿ-ին անդամակցության հարցը Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հետ:
2001-ին հիմնված ՇՀԿ-ի անդամներ են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և ՈՒզբեկստանը: Երկխոսության մեջ գտնվող գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: