Երեքշաբթի օրը «Նյու Յորք Թայմսի» մի խումբ թղթակիցների հետ զրույցում Թրամփը, առանց մանրամասներ հաղորդելու, փոխանցել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Շարունակելով արտաքին քաղաքականության թեման՝ Թրամփը բավական ընդհանրական է խոսել: Նա հայտարարել է, թե ԱՄՆ-ը չպետք է մյուս ազգերին սովորեցնի, թե ինչպես ապրել՝ կրկնելով նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարությունը, որ Իրաքի պատերազմը ԱՄՆ պատմության ամենամեծ սխալներից մեկն է: Նա նաև հայտարարել է, որ շատ «հստակ և հզոր» գաղափարներ ունի Սիրիայում վեցերորդ տարին շարունակվող դաժան քաղաքացիական պատերազմին վերջ տալու ուղղությամբ՝ կրկին չարձագանքելով մանրամասնելու՝ լրագրողների համառ խնդրանքին: «Մենք պետք է վերջ տանք Սիրիայում շարունակվող այդ խելահեղությանը», - ընդամենը նշել է նա:
Ինչպես նկատում են ամերիկացի վերլուծաբանները, ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրված միլիարդատեր Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը վերջին շաբաթներին էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարում էր, թե Օբամային համարում է ամերիկյան պատմության ընթացքում ամենավատ նախագահը, «Նյու Յորք Թայմսի» թղթակիցների հետ զրույցում նա խոստովանել է, թե հեռացող նախագահը ծանոթության ընթացքում իրեն դուր է եկել: Իր մրցակից Հիլարի Քլինթոնին հանրապետական Թրամփը պատրաստվում էր բանտ ուղարկել, սակայն ընտրվելուց հետո ասում է, թե որոշել է չվերսկսել էլեկտրոնային նամակների հարցով սկանդալի հետաքննությունը, քանի որ դա կարող է պառակտել երկիրը:
«Ես չեմ ուզում տառապանք պատճառել Քլինթոններին»,- հավելել է նա: