Նոյեմբերի 22-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում «Միջազգային խաղաղության և անվտանգության ապահովում. Ջրային ռեսուրսներ, խաղաղություն և անվտանգություն» բաց քննարկմանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշել է, որ անդրսահմանային ջրային ռեսուրսները հասարակությունների և ազգերի միջև սոցիալական և տնտեսական փոխկախվածություն են ստեղծում, որ կարող է երկրի ներսում և երկրների միջև վեճերի և հակամարտությունների պատճառ դառնալ, մինչդեռ փոխադարձ շահերի և փոխկախվածության գիտակցումը պետք է հիմք ծառայի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման, տնտեսական աճի համար: Զոհրաբ Մնացականյանը ափսոսանք է հայտնել, որ անգամ նման բնույթի հարցերում Ադրբեջանն ընտրել է Հայաստանի վրա ցեխ շպրտելու և մեղադրանքներ ներկայացնելու մոտեցումը: «Սարսանգի ջրամբարը, որն առանցքային նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի տնտեսության համար` մեծապես գյուղատնտեսական և էներգիայի արտադրության տեսանկյունից, գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մշտական վերահսկողության ներքո»,- ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:
Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որպես բարի կամքի դրսևորում, բազմիցս առաջարկել են ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման մեխանիզմ, ինչը ևս կարող է ծառայել որպես կողմերի միջև վստահության կառուցման միջոց: «Փոխարենն Ադրբեջանը նախընտրում է տարածել անհիմն մեղադրանքներ և կասկածելի «ապացույցներ», որոնք, ըստ էության և մեղմ ասած, ապատեղեկատվություն են»,- ասել է ՀՀ մշտական ներկայացուցիչը: