ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ընդգծել է, որ Վեհաժողովի որևէ ներկայացուցիչ չի դատապարտել ադրբեջանական զինուժի հանցագործությունները ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:
«Հավաքական անվտանգության խնդիրները, այլատացության և ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են,- հայտարարել է Շարմազանովը՝ շարունակելով.- հարկ եմ համարում նշել, որ ՀԱՊԿ ԽՎ գարնանային և աշնանային նիստերի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կոպտորեն խախտելով 1994-ի զինադադարը, արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլին ահաբեկչական գործողություններ ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի նկատմամբ՝ փորձելով ռազմական ճանապարհով հասնելու հաջողության: Նրանց զինուժի գործողություններն ուղեկցվում էին առանձնակի դաժանությամբ խաղաղ բնակչության նկատմամբ: Ադրբեջանական զինուժի հանցագործ գործողություններն ուղղակիորեն հիշեցնում էին «Իսլամական պետության» ահաբեկչական ձեռագիրը: Դժբախտաբար այս վեհաժողովի որևէ ներկայացուցիչ չդատապարտեց Ադրբեջանի այդ հանցավոր գործունեությունը»:
«Ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է: Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը: