ՌԴ-ն չի ծրագրում փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով հարցին, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան փոխել են իրենց համանախագահներին, ՌԴ-ն ծրագրո՞ւմ է փոխել իր համանախագահին:
«Կարծում ենք, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պարագայում սա դեսպանների հերթական փոփոխություն է, իսկ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը շարունակելու է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Մենք սրանում որևէ քաղաքական բաղադրիչ չենք տեսնում»,- նշել է Մարիա Զախարովան:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին հրամանագիր էր ստորագրել Ստեֆան Վիսկոնտիին ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ նշանակելու վերաբերյալ: Վիսկոնտին փոխարինեց 2014-ին նշանակված դեսպան Պիեռ Անդրիոյին:
Նոյեմբերի 21-ին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter-ի իր էջում գրառում կատարեց պաշտոնից հեռանալու մասին: ՈՒոռլիքը կհեռանա 2016-ի դեկտեմբերի 31-ին: