Բելառուսը պատրաստ է օգնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Trend-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Անկեղծ կլինեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին Դոնբասում կատարվածի նկատմամբ, այնպես էլ մեր սրտերը ցավում են Ղարաբաղի համար։ Եվ դա պատահական չէ։ Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, ռուսները, բելառուսները, հայերը և ադրբեջանցիները, դուրս ենք եկել նույն բարեկամական ընտանիքից, որը կոչվում էր ԽՍՀՄ։ Այդ պատճառով մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ խաղաղության, նորմալ կյանքի և մարդկանց հանգստության համար, որտեղ էլ լինի»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Մինսկի դիրքորոշումն անփոփոխ է, «խնդիրը կարող է լուծվել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ հակամարտությունից խաղաղ ելք գտնելու հարցում: Մենք հիմք ենք ընդունում այն, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենի հողում խաղաղությունն ու անդորրը»,- հավելել է Լուկաշենկոն: