Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ երկօրյա այցով Բաքվում է, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են արել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ՝ հաղորդում է բելառուսական Belta.by կայքը:
«Կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, որը պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին, առաջին հերթին՝ ինքնիշխանության ապահովման, տարածքային ամբողջականության և պետության սահմանների անխախտելիության սկզբունքներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին և ԵԱՀԿ որոշումներին»,- ասված է հայտարարության մեջ: Ադրբեջանի և Բելառուսի նախարարները, հիմնվելով ԵԱՀԿ-ի առաջադրած սկզբունքների վրա, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, Մինսկի խմբի գործունեության ու համանախագահների վրա, կարևորել են խնդրի արագ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ-ի ջանքերին լրացուցիչ քաղաքական խթան հաղորդելը: Երկու երկրները կշարունակեն համաձայնեցված ջանքեր ներդնել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար: