Բելառուսի ու Ադրբեջանի նախագահները համակարծիք են՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հանգուցալուծվի միջազգային իրավունքի նորմերի, նախ և առաջ՝ «պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների» հիման վրա: Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն համատեղ հայտարարությամբ հանդես եկան երեկ` Բելառուսի նախագահի Բաքու մեկօրյա այցի ավարտին, հայտարարության տեքստում հատուկ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու ԵԱՀԿ որոշումները: Ադրբեջանի մայրաքաղաքում բանակցությունների գլխավոր առանձնահատկությունը երկու կողմից շարունակաբար հնչող հավաստիացումներն էին, թե Բաքուն և Մինսկը էական որևէ խնդրում տարակարծություններ չունեն:
«Մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակում են: Քիչ թվով պետություններ կան, որոնց հետ մենք նման հարաբերություններ ունենք: Մեր տեսակետները գործանականում համընկնում են գրեթե բոլոր ասպարեզներում: Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և դա չենք էլ թաքցնում: Միջազգային օրակարգի առումով ևս տարաձայնություններ չկան: Մենք արդյունավետ համագործակցում ենք միջազգային բոլոր կազմակերպություններում` աջակցելով միմյանց: Որտեղ Ադրբեջանը ներկայացված չէ, կա Բելառուսը, որտեղ Բելառուսը չկա և ներկայացված է Ադրբեջանը, մենք միմյանց մշտապես աջակցում ենք և պաշտպանում»,- Բաքվում հայտարարել է Լուկաշենկոն:
Հաճոյախոսությունների առումով Իլհամ Ալիևը Լուկաշենկոյից հետ չի մնացել` անգամ իր բելառուս գործընկերոջ խոսքն ընդհատելու գնով: «Ես հազվադեպ եմ խախտում արարողակարգը, բայց սա այն դեպքն է, երբ դա անհրաժեշտ է անել: Նախ և առաջ, ես ցանկանում եմ ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել այն խոսքերի համար, որ մեր ժողովրդի հասցեին հնչեցրեց Բելառուսի նախագահը: Միշտ էլ հաճելի է դա լսել բարեկամի շուրթերից, հատկապես՝ եթե այդ հայտարարություններն անկեղծ են: Կրկնակի հաճույք է նման հայտարարություններ լսել մի մարդուց, որ կարողացել է կառուցել ժամանակակից, դինամիկ զարգացող, ինքնաբավ և արդյունավետ մի պետություն, որին շատերը կարող է և պետք է նախանձեն»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Երկուշաբթի օրը կայացած բելառուսա-ադրբեջանական բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է դարձել էներգետիկ ասպարեզում երկկողմ համագործակցության հեռանկարը: Բելառուսում լույս տեսնող մի շարք անկախ պարբերականներ, մոսկովյան թերթերից մի քանիսը, վերջին օրերին պնդում էին, որ Լուկաշենկոն Բաքու է մեկնում ադրբեջանական նավթի մատակարարումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով: Այդ մատակարարումները Մինսկի համար կենսական նշանակություն ունեն, հնարավորություն կտան ապահովել երեք նավթամշակման գործարանների անխափան աշխատանքը: Ռուսաստանից մատակարարվող նավթի ծավալների նվազման ֆոնին այդ գործարանները հայտնվել են հարկադիր պարապուրդի վտանգի առջև: Ադրբեջանը հոկտեմբերին 85 հազար տոննա նավթ էր արտահանել բելառուսական Մոզիր քաղաքում գտնվող գործարան: Ալեքսանդր Լուկաշենկոն շատ ավելի մեծ ծավալի մատակարարումների ակնկալիք ունի: «Եթե Ադրբեջանը եվրոպական շուկայում շահեր ունի, եկեք նստենք և հստակորեն պայմանավորվենք հետագա քայլերի մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն: Բանակցությունների ավարտին մամուլի ասուլիսում Բելառուսի ղեկավարը գերադասել է խոսել ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալների ավելացման մասին: «Այսօր մենք պայմանավորվեցինք ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը, որ հաջորդ տարի հասցնենք 700 միլիոն դոլարի: Դա երկու անգամ կգերազանցի ամենաբարենպաստ տարում արձանագրված ցուցանիշը»,- նշել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոյի` Բաքու այցի ամենավառ դրվագներից մեկն էլ նրա պատվին ընդունելությունն էր, որի ընթացքում Իլհամ Ալիևը նրան շնորհել է Հեյդար Ալիևի շքանշան: «Խորհրդանշական է, որ այսօր Հեյդար Ալիևի ստեղծած պետությունում` Ադրբեջանում, նրա ընկերոջը` եղբայրական Բելառուսի նախագահին, շնորհվում է Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանը, ադրբեջանական պետության բարձագույն պարգևը»,- շքանշանը Լուկաշենկոյին հանձնելուց առաջ հայտարարել է Ալիևը: Լուկաշենկոն ակնհայտորեն հուզվել է: Նա համբուրել է Հեյդար Ալիևի` շքանշանի վրա պատկերված կիսադեմը: «Իլհամ Հեյդարովիչ, ես երախտապարտ եմ քեզ մեր ընկերության համար: Ես այն շատ բարձր եմ գնահատում, այս մեդալի համար էլ վարձահատույց կլինեմ»,- անկեղծացել է Բելառուսի նախագահը: