Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող էին հիմք ստեղծել համակողմանի խաղաղության հասնելու համար՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը APA-ին տված հարցազրույցում:
«Ինչպես ցանկացած բանակցային գործընթացում, կա որոշակի տարբերություն կարծիքներում, որոնց վրա պետք է աշխատել: Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են կարգավորման խաղաղ ճանապարհին: Տվյալ պահին մենք ամենից շատ կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեին և բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորություն ստանձնեին»,- ասել է ՈՒոռլիքը:
ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ընդլայնման և շփման գծում հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրման ձգձգմանը վերաբերող հարցին ԱՄՆ դիվանագետը պատասխանել է. «20 տարի հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնումը կարևոր քայլ է ճիշտ ուղղությամբ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ նախագահները պարտավորություններ ստանձնեցին առաքելության ընդլայնման և երկու կողմից աջակցություն ցուցաբերելու հետ կապված: Մենք այժմ աշխատում ենք առաքելության ընդլայնման դետալների վրա: Վստահ եմ՝ կհասնենք դրան»:
Տարեվերջին Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը լքող ՈՒոռլիքը նշել է, որ իր հրաժարականի պատճառը անձնական է. «Ես կառուցել եմ ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա և 30 տարվա ծառայությունից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր հատվածում»: Նա հայտնել է, որ ԱՄՆ ժամանակավոր համանախագահի մասին կհայտարարվի «մոտ ապագայում»: