«Ինձ համար մեծ պատիվ էր ԵԱՀԿ Մինսկի խմբում լինել ԱՄՆ համանախագահ։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հավատարիմ կմնան հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից ոչ մեկը պատերազմ չի ուզում»,- հայտարարել է Ջեյմս ՈՒոռլիքը APA-ին տված հարցազրույցում։ Անդրադառնալով հեռանալու պատճառներին՝ ՈՒոռլիքը նշել է, որ դիվանագետի հաջող կարիերա է ստեղծել և 30 տարի ծառայությունից հետո ցանկանում է աշխատել մասնավոր սեկտորում։
«Համանախագահի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնի կլինի մոտակա ժամանակներս։ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրականացնել միջնորդների գործունեությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ բանակցությունների սեղանին կան լավ գաղափարներ, որոնք կարող էին հիմք ստեղծել համապարփակ խաղաղության ձեռք բերման համար, սակայն ինչպես ցանկացած այլ բանակցային գործընթացում՝ կա կարծիքների որոշակի տարբերություն, որոնց ուղղությամբ պետք է աշխատել։
«Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են կարգավորման խաղաղ ուղուն։ Ներկա պահին կցանկանայինք, որ նախագահները քաղաքական կամք ցուցաբերեն և բանակցային գործընթացը զարգացնելու պարտավորվածություն ստանձնեն»,- հավելել է ՈՒոռլիքը։
Նա նաև նշել է, որ Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը դիտարկում է որպես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը շարունակելու հնարավորություն: