Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր թեկնածությունը չի առաջադրի 2017-ի նախագահի ընտրություններում։ «Ես որոշեցի չառաջադրել թեկնածությունս»,- Ելիսեյան պալատից TF1 հեռուստաալիքով ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է Օլանդը: Նա պարզաբանել է, որ հստակ պատկերացնում է իրավիճակը, որոշումը կայացրել է ամենայն պատասխանատվությամբ և ընդգծել, որ խոսքը «ոչ թե անձի, այլ երկրի ապագայի մասին է»:
Օլանդի հայտարարությանը նախորդել է որոշումների թվարկումը, որը նա մեծ ծառայություններ է համարում Ֆրանսիայի համար: Դրանց թվում են, նրա կարծիքով, ֆրանսիական սոցիալական մոդելի կատարելագործումը, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում Ֆրանսիայի առաջատար դերը, դպրոցական կրթության բարելավումը, ժողովրդավարական ազատությունների ամրապնդումը, գենդերային հավասարությունների ամրապնդումը, խտրականության դեմ պայքարը: