ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թայվանի ղեկավար Ցայ Ինվենի հետ: Սա վերջին տասնամյակների ընթացքում Վաշինգտոնի և Չինաստանից անջատված Թայվանի միջև պետական պաշտոնական մակարդակով առաջին շփումն է: 1979 -ից ԱՄՆ-ում գործող օրենքով, Թայվանի հետ թույլատրվում է տնտեսական համագործակցություն, բայց ոչ՝ քաղաքական հարաբերություններ: Չինաստանը դիվանագիտական բողոքի նոտա է հղել այդ կապակցությամբ:
Չինաստանի արտգործնախարարությունը Վաշինգտոնին կոչ է արել պահպանել «մեկ Չինաստան» քաղաքականությունը և խուսափել երկկողմ հարաբերությունների վատթարացումից: Թրամփն ավելի ուշ «Թվիթեր»-ում գրել է, որ Թայվանի նախագահը զանգահարել է իրեն և շնորհավորել՝ ընտրվելու կապակցությամբ: ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է, որ ԱՄՆ-ի երկարամյա քաղաքականությունում որևէ փոփոխություն չկա: «Մենք հավատարիմ ենք մնում «մեկ Չինաստան» սկզբունքին»,- ասել է նա: