Ավստրիայի նախագահական ընտրություններում հնարավոր է հաղթանակի հասնի աջակողմյան թեկնածու, «Ազատություն» կուսակցության առաջնորդ 45-ամյա Նորբերտ Հոֆերը: Նրա նախընտրական կոչերից է՝ քվեարկել «ապահով Ավստրիայի օգտին»: Եթե Նորբերտ Հոֆերը հաղթի, ԵՄ երկրներում նա կլինի ծայրահեղ աջ հայացքներ դավանող առաջին նախագահը:
Նրա հակառակորդն անկախ թեկնածու 72-ամյա Ալեքսանդր Վան դեր Բելլեն է, ում աջակցում է Կանաչների կուսակցությունը: Ավստրիայում այս տարի երկրորդ անգամ են նախագահական ընտրություններ անցկացվում: Մայիսին փոքր առավելությամբ հաղթել էր լիբերալ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, բայց քվեաթերթիկների ծրարները ընտրողներին ուղարկելու տեխնիկական խնդիրների պատճառով Սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել ընտրությունները և նշանակել նոր ընտրություն, որն անցկացվում է այսօր: