ԱՄՆ-ի Stratfor հետազոտական կենտրոնի զեկույցում նշվում է, որ վերջին զարգացումները ԱՄՆ- ում և Եվրոպայում՝ Դոլանդ Թրամփի հաղթանակը և Brexit-ը, թույլ են տալիս Ռուսաստանին վերադարձնել կորցրած դիրքերը հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Հարավային Կովկասը:
«Հայաստանն արդեն ցուցադրել է Մոսկվային իր անսասան հավատարմությունը»,- նշված է զեկույցում: Թեև, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, այդ հավատարմությունը «լուրջ փորձության միջով անցավ ապրիլյան պատերազմի ժամանակ»: Իսկ պատերազմը, ըստ զեկույցի հեղինակների, հնարավոր դարձավ այն պատճառով, որ Ռուսաստանը «զբաղված է ուկրաինական և սիրիական ճգնաժամերով»:
Զեկույցում նշվում է, որ վերջին տարիներին Մոսկվան ու Բաքուն ակտիվ համագործակցություն են ծավալել ռազմատեխնիկական ոլորտում. «Ադրբեջանը միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնել Ռուսաստանից, ինչն ավելի է ամրացնում գործակցությունը երկու երկրների միջև»։ «Եթե սեփական խնդիրների պատճառով Արևմուտքի ազդեցությունը թուլանա, Ռուսաստանը կվերականգնի իր դիրքերը թե Ադրբեջանում, թե Հայաստանում և թե Վրաստանում։ Նույնիսկ այն երկրները, որ ավելի չեզոք արտաքին քաղաքականություն էին վարում, խորացնում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանն ու ՈՒզբեկստանը»,- նկատում են ամերիկացի վերլուծաբանները։
Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում հնարավոր դարձրեց ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հանվեն ՌԴ պատժամիջոցները. «Եթե Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև կարգավորվեն հարաբերությունները, Մոսկվան հավելյալ ժամանակ կունենա հետխորհրդային տարածքի երկրներում իր ազդեցությունն ուժեղացնելու համար»։
«Գործընթացն արդեն սկսված է»,- նշված է զեկույցում, որտեղ բերվում է Մոլդովայի նախագահական ընտրությունների օրինակը, որտեղ հաղթել է ռուսամետ թեկնածու Իգոր Դոդինը։ Նա հայտարարել է, որ խորացնելու է քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Փոխվել է Վրաստանի քաղաքական էլիտայի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ. կոշտ հռետորաբանությանը փոխարինել է ավելի մեղմ դիրքորոշումը։
Stratfor-ի վերլուծաբանները նշում են. «Հնարավոր չէ ասել, թե ինչքան կտևի Բրյուսելի և Վաշինգտոնի աջակցությունը ՈՒկրաինային»։ Զեկույցի հեղինակները եզրափակում են, որ, չնայած բարենպաստ պայմաններին, Ռուսաստանին դժվար թե հաջողվի վերականգնել նույն ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում, որ ուներ մինչև 2010-ը։