ՈՒկրաինայի արևելքի իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում էսկալացիան ցուցադրում են, թե որքան խոցելի է դարձել խաղաղության եվրոպական ճարտարապետությունը՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Արևելքի և Արևմուտքի երկխոսությունը առավել հրատապ է դառնում:
«Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները ինչպես երբեք կարևոր են: Եթե նույնիսկ մենք ի վիճակի չենք կարգավորել և հաղթահարել բոլոր հակամարտությունները, բացարձակապես առանցքային է, որ համատեղ ջանքեր ենք ներդնում ԵԱՀԿ-ի և հակամարտությունների կառավարման նրա գործիքների ամրապնդման համար: Մենք այս բոլոր հարցերը միասին ենք քննարկում»,- նշել է Շտայնմայերը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի հակամարտությունների գոտիներում՝ Արևելյան ՈՒկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, հիանալի աշխատանք է կատարում: «Այդ աշխատանքն իրականացնելով՝ ԵԱՀԿ-ը վատագույն իրավիճակներ է կանխել, երբեմն նաև բացահայտ պատերազմը: Մյուս կողմից՝ եթե դիտարկենք Մերձդնեստրը, որտեղ ԵԱՀԿ-ը երկար տարիներ է աշխատել, կարող ենք նշել, որ կազմակերպության շնորհիվ հակամարտության կողմերը դարձյալ բանակցությունների սեղանի շուրջ են նստել: Դրանք լուրջ հաջողություններ են: Կարծում եմ, որ ԵԱՀԿ-ը էական դեր է խաղում Եվրոպայում խաղաղության հաստատման համար»,- ամփոփել է Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը: