ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մեջ պետք է արմատական փոփոխություն կատարվի՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը՝ պնդելով, թե անցած քսան տարիներին միջնորդական աշխատանքն այդպես էլ արդյունք չի տվել:
«Եթե այդ փոփոխությունը չկատարվի՝ Բաքվում կարող են հարցեր առաջանալ՝ պե՞տք է մնալ ԵԱՀԿ կազմում, անհրաժե՞շտ է Մինսկի խումբն ընդհանրապես»,- Բաքվում հայտարարել է Ալի Ախմեդովը: Ադրբեջանի փոխվարչապետը պնդել է, թե համանախագահող երկրները անաչառ չեն, Հայաստանն էլ շարունակ ապակառուցողական քայլեր է ձեռնարկում կարգավորումը սառեցնելու և ստատուս քվոն պահպանելու համար:
«Խնդիրը կարգավորվելու է միջազգային նորմերի հիման վրա, հակառակ դեպքում Ադրբեջանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ խնդրի լուծմանը հասնելու համար»,- հայտարարել է Ախմեդովը: