Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի պետքարտուղարը՝ Ռեքս Թիլերսոն

Թրամփի պետքարտուղարը՝ Ռեքս Թիլերսոն
14.12.2016 | 18:26

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար կնշանակի Exxon Mobil ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնին: «Կամքը, փորձառությունը, աշխարհաքաղաքական հարցերի ըմբռնումը Թիլերսոնին դարձնում են պետքարտուղարի հոյակապ թեկնածու»,- ասել է Թրամփը: Ընտրյալ նախագահի համար սա ամենասկզբունքային առաջադրումներից մեկն է:


«Թիլերսոնն առաջ կտանի տարածաշրջանային անվտանգության գաղափարները՝ ուշադրության կենտրոնում պահելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը»,- նաև հայտարարել է ընտրյալ նախագահը: Արձագանքելով Թրամփին՝ Թիլերսոնն ասել է, թե իր համար մեծ պատիվ է նրա առաջարկը, և ինքը կիսում է օտար երկրների հետ հարաբերություններում ԱՄՆ-ի վարկը վերականգնելու և ազգային անվտանգության խնդիրներն առաջ տանելու՝ ընտրյալ նախագահի տեսլականը:
Թրամփի թիմից մի պաշտոնյա, որ չի ցանկացել նշել իր անունը, ասել է, որ ընտրյալ նախագահը կանգ է առել 64-ամյա Թիլերսոնի թեկնածության վրա, երբ ստացել է ազդեցիկ հանրապետականներ, նախկին պետքարտուղարներ Ջեյմս Բեյքերի և Կոնդոլիզա Ռայսի, պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսի աջակցությունը: Ռեքս Թիլերսոնին արտաքին գերատեսչության ղեկավարումը վստահելու առաջարկն անխուսափելիորեն կթեժացնի Թրամփ-Ռուսաստան կապերի քննարկումները: Թիլերսոնի ղեկավարած Exxon Mobil-ը Ռուսաստանում շատ ակտիվ բիզնես է վարել նախքան տնտեսական պատժամիջոցների սահմանումը և էական նյութական կորուստներ է կրել: Թիլերսոնը մի քանի անգամ քննադատել է պատժամիջոցների քաղաքականությունը:


ՈՒկրաինական իրադարձություններից առաջ՝ 2013-ին, անձամբ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշան է շնորհել Թիլերսոնին՝ «վառելիքի արդյունահանման և էներգետիկայի բնագավառում երկու երկրների համագործակցության հարցում նշանակալի ավանդ ներդնելու համար»:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Թիլերսոնի պաշտոնավարման օրոք Մոսկվան և Վաշինգտոնը կհաստատեն փոխշահավետ հարաբերություններ: Թրամփը և Թիլերսոնն առաջին անգամ հանդիպել են 90-ական թվականներին: Այն ժամանակ Exxon ընկերությունը զբաղված էր Սախալինում ու Ռուսաստանի հեռավոր արևելքում նավթային բիզնեսով: 2011-ին կապերն ընդարձակվել են. այդ ժամանակ էլ Exxon-ը «Ռոսնեֆտ»-ի հետ կնքել է Սիբիրում և Արկտիկայում հորատման աշխատանքներ կատարելու պայմանագիր, որի արժեքը կազմել է մոտ 3 միլիարդ 200 միլիոն դոլար: Պատժամիջոցների հետևանքով այդ պայմանագրի իրագործումը սառեցվել է: Թրամփը 2017-ի հունվարի 20-ին ստանձնելու է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Սենատը պետք է հավանություն տա նախարարների պաշտոններում նորընտիր նախագահի թեկնածուներին: Առնվազն պետքարտուղարի հարցում կլինեն առարկություններ: Ազդեցիկ սենատորներից Ջոն ՄաքՔեյնը, որ չափազանց կոշտ վերաբերմունք ունի ՌԴ նախագահի նկատմամբ, վերջերս ասել է՝ «Վլադիմիր Պուտինը ավազակ է և մարդասպան, ով նրան ավելի մեղմ բնութագրի՝ ստելու է»: Դեմոկրատական սենատոր Չառլզ Շումերն էլ ասել է. «Թիլերսոնի պես մեկին հաստատելու համար կպահանջվի երկար-երկար քննարկում»:

Դիտվել է՝ 2072

Մեկնաբանություններ