ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում հինգ ժամ դռնփակ քննարկումից հետո չկարողացան հաստատել միասնական հայտարարության տեքստը, որով առաջարկվում էր չընդլայնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների ձևաչափը` հրաժարվելով անդամակցության գործընթացը սառեցնելու գաղափարից:
Թուրքիայի հետ 2005-ից սկսված անդամակցության բանակցությունները բաժանված են 35 ոլորտների, միայն 16-ի շուրջ կա ակտիվ երկխոսություն: Անվտանգությունը, Մաքսային միության ստեղծումը կամ աշխատուժի ազատ տեղաշարժը շարունակում են սառեցված մնալ: Ավստրիայի ներկայացուցիչները վստահ են, որ նույնիսկ այս մոտեցումը չափազանց մեղմ է: Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարում էր, որ ԵՄ առաջնահերթությունը պետք է լինի Թուրքիայի հետ անդամակցության գործընթացի սառեցումը: ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին Կուրցը մամուլի ասուլիսում նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններին նվիրված բանավեճը բավական զգացմունքային էր. «Թուրքիային նվիրված բավական երկարատև բանավեճ ունեցանք: Բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք, թե ինչ իրավիճակ է այժմ Թուրքիայում` 36 հազար ձերբակալված, աշխատանքից հեռացված ավելի քան 100 հազար մարդ: Ընդդիմադիր գործիչներից ու լրագրողներից շատերը ճաղերի հետևում են: Նման իրավիճակում ամփոփիչ հայտարարության այն նախագիծը, որն առաջարկվել էր, Ավստրիայի տեսանկյունից բավարար չէր»: Նա նշում էր, որ ԵՄ ոչ բոլոր անդամներն են կտրականապես դեմ Թուրքիայի անդամակցության գործընթացի սառեցմանը. «Այս նախագիծը ես կարող եմ բնութագրել որպես քայլ ճիշտ ուղղությամբ: Դրանով սահմանվում է, որ Թուրքիայի հետ այժմ ընթացող բանակցությունների շրջանակը չի կարող ընդլայնվել: Դա արդեն իսկ վատ չէ: Դրա հետ մեկտեղ, պետք է հստակորեն հասկանալ, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից: Վիեննայի որդեգրած տեսակետին համամիտ են Նիդերլանդներն ու Բուլղարիան»:
«Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն ծավալել Թուրքիայի հետ, արդյունավետ համագործակցել այդ երկրի հետ ոչ միայն փախստականների շուրջ ծագած ճգնաժամի հաղթահարման, այլև մի շարք այլ թեմաների շուրջ: Դրա հետ մեկտեղ, հարկավոր է ընտրել արդյունավետ համագործակցության և անդամակցության բանակցությունների միջև: Մենք Եվրամիությունում պետք է ի վերջո որոշում կայացնենք այդ հարցով, և դա շատ կարևոր որոշում է լինելու»՝ ասել է Սեբաստիան Կուրցը:
Գերմանիան և Ֆրանսիան միանշանակ դեմ են Թուրքիայի անդամակցության գործընթացը սառեցնելուն: Գերմանիայի եվրոպական հարցերով պետնախարար Միխաել Ռոթի համոզմամբ, անդամակցության գործընթացի սառեցումը կարող է ավելի թուլացնել թուրքական հանրության եվրոպամետ հատվածի դիրքերը. «Եվրամիությունը պետք է հստակ ազդակ ուղարկի Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր կիսում են եվրոպական արժեքները: Չնայած այն իրողությանը, որ օրենքի գերակայության և խոսքի ազատության ասպարեզներում առկա իրավիճակը միայն ափսոսանք կարող է առաջացնել, մենք չպետք է այս դժվարին պահին դուռը շրխկացնենք Թուրքիայի առջև»: