Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դեսպան Կառլովի վրա զինված հարձակումը սադրանք է անվանել: «Սա Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելուն ուղղված սադրանք է, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարությունը բավարար կամք ունի, որ չտրվի այս սադրանքին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ բոլոր ջանքերը գործադրվելու են սպանության հետևում կանգնած մութ ուժերին բացահայտելու և արդարադատությանը հանձնելու համար: Նա ընդգծել է` թույլ չեն տա, որ ռուս-թուրքական հարաբերությունները տուժեն:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը դեսպան Կառլովի սպանությունը դատապարտող հայտարարություն է տարածել. «Մենք դատապարտում ենք այս ստոր ահաբեկչությունը: Այն իրականացնողը վնասազերծվել է: Այս ցավալի դեպքը ամենալայն կերպով և համակողմանիորեն կուսումնասիրվի, պատասխանատուները թուրքական արդարադատության առաջ կկանգնեն»: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տեղեկություն է հաղորդել Ռուսաստանի դեսպանին սպանած անձի ինքնության վերաբերյալ: Հանցագործը 1994-ին Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշն է, որը 2,5 տարի է` ծառայում էր Անկարայի հատուկ նշանակության ոստիկանական ուժերում:
Ելնելով Ռուսաստանի դեսպանին սպանած անձի ոստիկան լինելու հանգամանքից` թուրքական մամուլում արդեն սպանության պատասխանատվությունը գյուլենական կառույցի վրա բարդող հրապարակումներ են շրջանառվում: Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ` դեպքի վայրում գտնվող Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, որ տեղի ունեցածի հետևում կանգնած են նույն այն ուժերը, որոնք խոցեցին ռուսական ինքնաթիռը: Նա համոզմունք է հայտնել, որ այս գործողության նպատակն է վնասել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները: