ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և վստահեցրել, որ ահաբեկիչները կզգան իրենց դեմ պայքարի ուժեղացումը: Նա հանձնարարել է ուժեղացնել ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հսկողությունն արտասահմանում: Կրեմլում երկուշաբթի երեկոյան ՌԴ ԱԳ նախարարության, Արտաքին հետախուզության ծառայության և Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Սերգեյ Նարիշկինի և Ալեքսանդր Բորտնիկովի հետ հանդիպմանը նախագահը ցավակցություն է հայտնել սպանվածի հարազատներին ու մերձավորներին:
Նա հանձնարարել է արտաքին քաղաքական գերատեսչությանը Կառլովին հետմահու ներկայացնել պետական պարգևի: «Կատարվածը հանցագործություն է, որը, անկասկած, ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման խափանմանը և Սիրիայում խաղաղ գործընթացի վիժեցմանը, որն ակտիվորեն առաջ է մղվում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, այլ երկրների կողմից, որոնք շահագրգռված են միջսիրիական հակամարտության կարգավորմամբ»,- ընդգծել է Պուտինը:
«Դրա պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը: Եվ ելուզակները դա կզգան իրենց վրա»,- հավաստիացրել է պետության ղեկավարը: Նախագահը հայտնել է, որ ՌԴ Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փաստով, նրան հանձնարարված է ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ, «որը պետք է ուղևորվի Անկարա՝ թուրք գործընկերների հետ մասնակցելու այդ հանցագործության հետաքննությանը»: Պուտինը հավելել է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում:
«Մենք պետք Է իմանանք՝ ով է ուղղորդել մարդասպանի ձեռքը»,- ընդգծել է ՌԴ նախագահը: