Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո թուրքական իշխանությունները շտապեցին պատասխանատվության սլաքներն ուղղել դեպի գյուլենական կառույցը՝ հայտարարելով, թե այդ գործողության նպատակն է խափանել Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետևում գյուլենական կառույցն է կանգնած»՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Չավուշօղլուն Քերիին ասել է, թե այդ կարծիքին է նաև Ռուսաստանը: Թուրք նախարարի պնդումները մտահոգել են Վաշինգտոնին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով Չավուշօղլու-Քերի հեռախոսազրույցը, ասել է՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ զրույցում պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Անկարայի ուղղակի և անուղղակի ակնարկների կապակցությամբ, թե իբր այդ հարձակումն իրականացվել է ԱՄՆ-ի աջակցությամբ, քանի որ Գյուլենը շարունակում է գտնվել ԱՄՆ-ում: Քիրբին թուրքական կողմի պնդումները ծիծաղելի է համարել` ընդգծելով, որ ապացուցող ոչ մի փաստ չկա: ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող վտարանդի իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է մեղադրանքները: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` Գյուլենի ներկայացուցիչ Ալփ Ասլանդողանը ծիծաղելի է որակել թուրքական կողմի պնդումները` նշելով, որ թուրքական իշխանությունները փորձում են կոծկել անվտանգության միջոցառումների թերությունները: Ասլանդողանը հավելել է, որ Գյուլենը խստորեն դատապարտում է ռուս դեսպանի նկատմամբ հարձակումը: