Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կստեղծվի՞ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք

Կստեղծվի՞ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք
21.12.2016 | 23:31

Անհնար է փոխանցել Հայաստան-Իրան հարաբերությունների ողջ խորությունն ու ընդգրկվածությունը՝ դրանք սոսկ բարեկամական բնութագրելով՝ Երևանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սակավաթիվ են այն ժողովուրդները, որոնց պատմության քառուղիներում վիճակված է եղել հազարամյակներով քայլել կողք կողքի և այսօր էլ շարունակել սերտ փոխգործակցությունը՝ առանձնահատուկ հարգանք տածելով միմյանց մշակույթի հանդեպ: Հայաստանը, համոզված եմ նաև Իրանը, շահագրգռված են անել առավելագույնը ավանդական, հարուստ կապերի վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ»,- նշեց ՀՀ նախագահը: Նա ընդգծեց, որ դրա վկայությունն են անկախությունից ի վեր Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների բարձր մակարդակը, համատեղ ծրագրերը, աշխույժ փոխայցերը և Իրանի նախագահի ներկա այցը Հայաստան: «Անտարակույս, այսօր ստորագրվելիք փաստաթղթերը և պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հայ-իրանական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելուն: Մենք այսօր համակարգային և բովանդակային քննարկումներ ունեցանք երկկողմ օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ: Մենք վերահաստատել ենք համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված մեր հանձնառությունը, կարևորեցինք քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը, քննարկեցինք տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, գործարար շրջանակների միջև կապերի խթանման հետ կապված հարցեր»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա հավելեց, որ անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի համաձայնությունների իրականացման ընթացքին:

«Ես իմ գործընկերոջը խորին երախտագիտություն հայտնեցի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Իրանի ընդգծված հարգանքի և հոգածության, Իրանի հայ համայնքի հանդեպ ավանդական հոգատար վերաբերմունքի համար»,- ընդգծեց նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ-ի և ԻԻՀ-ի պայմանավորվածության արդյունքում շարունակվում է իրականացվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակումը: «Ելնելով նշված փոխանակման արդյունքում Հայաստանում էներգակիրների անհրաժեշտ չափաքանակի ապահովման նկատառումներից և Երևանում կայացած քառակողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից՝ անդրադարձանք Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ միջանցքի գործարկմանը: Մտքեր ենք փոխանակել Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու ծրագրերի շուրջ, որի իրականացմամբ կդյուրացվի բեռների միջազգային փոխադրումը, հնարավորություն կտրվի նվազագույն տրանսպորտային ծախսերով իրանական ապրանքներին մուտք գործել եվրոպական շուկա, ինչպես նաև ներգրավելու բեռների տարանցում այլ երկրներից: Սա ոչ միայն իրանական տրանսպորտի համար ամենակարճ և անվտանգ անցումը կլինի Հայաստանով, այլև շատ լուրջ խթան մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի համար»,- մանրամասնեց ՀՀ նախագահը:


Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների շուրջ՝ կարևորելով համագործակցության այն հնարավորությունները, որոնք ընձեռում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: Շարունակվում են աշխատանքները երկու երկրների տնտեսավարողների համար բիզնես գործունեության միջավայրը և ներդրումային կանոնակարգումները բարելավելու ուղղությամբ: Այս համատեքստում ցանկանում եմ հատուկ ընդգծել մեր երկրների քաղաքացների համար մուտքի արտոնագրերի վերացման կարևորությունը: Վստահ եմ, որ մեր երկրների միջև փոխճանաչելիության բարձրացումը կնպաստի նաև առևտրատնտեսական կապերի խորացմանը»,- եզրափակեց Սարգսյանը:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ