Երկուշաբթի երեկոյան Բեռլինում ահաբեկչական գործողության համար, որի հետևանքով զոհվել էին քաղաքի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի հաճախորդներից 12-ը, ևս 48-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը:
Մերձավոր Արևելքում գործող այս կառույցի հետ սերտ առնչություններ ունեցող AMAQ գործակալությունը հաղորդել է. «Բեռլինում իրականացված գործողության հեղինակը «Իսլամական պետության» զինվորներից է: Նա այս քայլին է դիմել` հետևելով [«Իսլամական պետության» դեմ մարտնչող] կոալիցիայի անդամ պետությունների քաղաքացիներին թիրախավորելու կոչին»:
Փորձագետները արձանագրում են, որ Բեռլինի հարձակումը «Իսլամական պետության» առաջին ահաբեկչական գործողությունն է, որն իրականացնողը ողջ է մնացել: Մինչև այժմ «Իսլամական պետության» ձեռնարկած հարձակումների հեղինակները կամ մահապարտ ահաբեկիչներ էին, կամ էլ սպանվում էին ոստիկանության կողմից, ինչպես անցած հուլիսին ֆրանսիական Նիսում: Գերմանական ոստիկանությունը հայտարարել է, որ չնայած «Իսլամական պետության» հայտարարությանը, հետաքննության ընթացքում «այլ վարկածներ ևս դիտարկվում են»:
Գերմանիայի վերջին մի քանի տասնամյակների ամենաարյունալի ահաբեկչական գործողության հետաքննությունը դեռ առարկայական արդյունքի չի հանգեցրել: Հարձակումից անմիջապես հետո ոստիկանության և ահաբեկչական գործողության ականատես քաղաքացիների համատեղ ջանքերով 23-ամյա մի պակիստանցի էր բերման ենթարկվել, որին քննիչները ստիպված էին ազատ արձակել: Իրավապահների պնդմամբ՝ մի քանի ժամ տևած հարցաքննության արդյունքում պարզվել է, որ 2016-ի փետրվարին Գերմանիա մուտք գործած պակիստանցի ներգաղթյալը հարձակմանը որևէ առնչություն չունի: Փոխարենը գերմանական ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել տեղեկություններ նոր կասկածյալի մասին: Բեռլինի ոստիկանության տվյալներով, ահաբեկչական հարձակման գործիք ծառայած բեռնատարի խցիկում 24-ամյա մի թունիսցու անձը հաստատող փաստաթղթեր են հայտնաբերվել:
Գերմանացի իրավապահները այժմ հրապարակում են նոր կասկածյալի միայն անունը` Անիս, և ծննդավայրը` Թունիսի հարավում գտնվող Թաթավին քաղաք: Գերմանացի իրավապահներն իրենց ջանքերը կենտրոնացրել են հարձակման կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Երկրի ողջ տարածքում ուժեղացվել է սուրբծննդյան տոնավաճառների հսկողությունը:
Գերմանիայի իշխանությունը փորձում է անել հնարավորը ահաբեկչական հարձակումից հետո հոգեբանական լարվածությունը թուլացնելու, մարդկանց վստահություն հաղորդելու համար: Ահաբեկչական գործողության վայրը` Կայզեր Վիլհելմի եկեղեցուն հարող տարածք, այցելեցին կանցլեր Անգելա Մերկելը և արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Բեռլինի հիվանդանոցներում գտնվող վիրավորներին այցելեց Գերմանիայի նախագահ Յոհաննես Գաուկը:
«Իմ այցով ես ցանկանում եմ ցույց տալ, որ մեր երկրի միլիոնավոր բնակիչներն անտարբեր չեն ահաբեկչական գործողությունից տուժածների ճակատագրի հանդեպ: Թե այն մարդկանց հանդեպ, ովքեր այս պահին էլ գտնվում են կյանքի և մահվան սահմանագծին, և թե այն տուժածների հանդեպ, ովքեր սկսել են ապաքինվել: Նրանք պետք է հստակ իմանան, որ միայնակ չեն և, այստեղ աշխատող բժիշկներից բացի, Գերմանիայի ողջ բնակչությունը սպասում է նրանց ապաքինմանը», - հայտարարել է Գերմանիայի նախագահը: