ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջիի հետ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, այդ նպատակով մշակված իրավական կառուցակարգերը:
Կարևորվել է արդյունավետ փոխգործակցությունը` անդրազգային հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեր և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ փորձի փոխանակման, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում: Ի կատարումն Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի` պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստորագրել համագործակցության երկամյա ծրագիր, որի շրջանակներում երկուստեք կարևորված վերոնշյալ հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն համատեղ միջոցառումներ, քննարկումներ:
Բանակցությունների ավարտին տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջին պատասխանել են լրագրողների հարցերին: ՀՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ Արդարադատության իշխանության առաջին տեղակալ պարոն Ղոլամհոսեին Մոհսենի Էժեիի, ԻԻՀ դատական իշխանության սոցիալական և հանցագործությունների կանխարգելման հարցերով տեղակալ Մոհամադ Բաղեր Օլֆաթի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են հանցավորության դեմ պայքարում, քրեական գործերի քննության ընթացքում համագործակցության կարևորությունը` քրեորեն արգելված արարքներ թույլ տված անձանց պատժի անխուսափելիությունն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: