ԵԱՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին պետք է խոսի բելառուսական կողմը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, մեր բելառուս գործընկերները հայտնել են, որ նախագահ Լուկաշենկոն չի կարողանա մասնակցել այսօրվա գագաթնաժողովներին: Ես կարծում եմ, որ մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել պատճառների մասին, դա ամեն դեպքում պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
«Դուք գիտեք, որ Բելառուսը եղել է, կա և շարունակում է մնալ մեր ամենամոտ դաշնակիցը, մենք Միութենական պետություն ունենք: Շատ ենք գնահատում այն փաստը, որ Բելառուսի ժողովուրդն այսօր սգում է ռուսների հետ: Սա շատ կարևոր է և ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների, մեր միության մակարդակի մասին»,- ավելացրել է նա: