Բելառուսի նախագահի կրտսեր որդին՝ 12-ամյա Նիկոլայ Լուկաշենկոն հայտարարել է, թե երկրի նախագահի պաշտոնում հորը փոխարինելու իր ցանկությունը այնքան էլ մեծ չէ: Ռուսաստանցի իր հասակակից Եվգենի Գրիշինի հետ զրույցում, որ հեռարձակվել է երկրի ազգային առաջին ալիքով, նա պատմել է իր մասին:
12-ամյա ռուսաստանցին, ինչպես ռեպորտաժում է նշվում, երազում է լրագրող դառնալ և Բելառուսի մասին ռեպորտաժ պատրաստել, Մինսկ այցը դարձել է առաջին գործուղումը: Ռուսաստանցի հասակակցի հարցերին պատասխանելով՝ Լուկաշենկո կրտսերը հայտարարել է. «Անկեղծ, այնքան էլ չէի ցանկանա դառնալ նախագահ»: «Դա շատ դժվար կյանք կլինի: Ես վստահ չեմ, որ պատրաստ եմ»,- համեստորեն խոստովանել է 1994-ից Բելառուսը անփոփոխ ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի որդին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դեռևս չի կողմնորոշվել մասնագիտության հարցում. «Գուցե բժիշկ՝ մարդկանց օգնելը լավ գործ է, իսկ գուցե՝ զինվորական»: Չինաստանից մինչև Վենեսուելա, զինավարժարաններից մինչև տնամերձ այգիներ հորն ուղեկցող Կոլյան ռուսաստանցի հյուրին որոշել է պատվել այնպես, ինչպես հայրն է պատվում իր թանկագին հյուրերին. նախ ցույց է տվել իրենց տնամերձ հողամասը, ապա՝ ձիով զբոսնել, մասնակցել կով կթելու արարողությանը, դաշնամուր նվագել, հրավիրել իր հոկեյի պարապմունքին, որին քիչ անց միացել է նաև հայրը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը բազմիցս հայտարարել է, թե չի պատրաստվում կրտսեր որդուն նախագահ դարձնել և չէր ցանկանա որդիներից ոչ մեկին նախագահական ճակատագիր: Լուկաշենկոն ամենուր՝ անգամ համաշխարհային մակարդակի միջոցառումներին, ներկայանում է որդու հետ՝ Սպիտակ տուն, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան, Հռոմի պապի ընդունելությանը:
Առաջին անգամ Կոլյան հանրությանը ներկայացել է 2007-ին, երբ երեք տարեկան էր: Նախագահ հայրն այն ժամանակ հայտարարել էր, թե ստիպված է ամենուր Կոլյային իր հետ տանել, քանի որ չկա մեկը, ում մոտ կարող է թողնել երեխային: 2015-ի սեպտեմբերին դպրոց գնալու փոխարեն Կոլյան հոր հետ մեկնել է Չինաստան՝ մասնակցելու պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը: Այդ օրը դպրոցական Կոլյան ծանոթացել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինի և առաջին տիկնոջ հետ: Իսկ 2014-ին կրտսեր Լուկաշենկոն ներկա է գտնվել Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը և նախագահների համար կազմակերպված փակ ընդունելությանը: Այն ժամանակ Կոլյային նկատել են օթյակում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: