ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ քրեակատարողական հիմնարկներ իր այցերը լուսաբանման կարիք չունեն: «Երբ անհրաժեշտ համարում եմ, այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, բայց դրանց մասին դուք չեք իմանում, որովհետև իմ աշխատանքի մի մասն է: Սխալ եմ համարում, որ քրեակատարողական հիմնարկներ այցելելը կամ ցմահ դատապարտվածի հետ իմ ունեցած զրույցը հերոսական քայլ է, որը պետք է լուսաբանվի:
Պարտադիր չէ գնալ դատապարտյալների ֆոնին նկարվել ու ասել, թե ինչ կարևոր գործ արեցիր»,- ասաց նախարարը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե քանի անգամ է այցելել քրեակատարողական և ծանոթ է դատապարտյալների խնդիրներին:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այսօր հանրապետությունում մի շարք քայքայված քրեակատարողական հիմնարկներ կան, որոնցից հատկապես առանձնացրեց Նուբարաշենի ՔԿ-ն և ընդգծեց, որ պետությունը գնում է նոր քրեակատարողականների կառուցման կամ հների վերանորոգման ճանապարհով:
Նախարարը ընդգծեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերանորոգումից հետո իրավիճակը բարեկարգվել է: