2017-ի հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս ՈՒոռլիքին՝ հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ռիչարդ Հոգլանդն ունի 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ:
Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006-ին, ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011-ին և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում 2011-13-ին: Վերջին շրջանում Հոգլանդը ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության ռազմական համակարգման աշխատանքները և զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ այդ նա ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը և եղել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը: «Դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տևական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ ԱՄՆ-ի աշխատանքներում:
ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել կողմերին հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները և հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը»,- ասված է հաղորդագրությունում: Ջեյմս ՈՒոռլիքին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ: