Անկարան կոչ է արել Իրանի և Ռուսաստանի իշխանություններին` անել հնարավորը Սիրիայում մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել ճնշում գործադրել «Հըզբոլլահ» շարժման զինյալների վրա` ստիպելով պահպանել Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի միջև եռակողմ համաձայնությունները:
Չավուշօղլուի խոսքով՝ հրադադարի խախտման դեպքերը կարող են տապալել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ հունվարի 23-ին Աստանայում կայանալիք բանակցությունները:
Իրանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին Անկարայից հնչող հայտարարությունները ապակառուցողական է որակել: Իրանի դիվանագիտական գերատեսչության մամուլի քարտուղարի խոսքով` «հրադադարը Սիրիայում խախտում են բացառապես հակակառավարական ուժերը»: