ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հայտարարություն է տարածել, որ բոլոր այն դեսպանները, որոնց նշանակումը քաղաքական մոտիվացում ունի, պետք է հրաժարական տան մինչև Թրամփի երդմնակալությունը՝ հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով մի քանի ամերիկացի դիվանագետների, որ ծանոթ են իրավիճակին:
Դա կարող է դառնալ առաջին նախադեպը երկար տարիների ընթացքում, երբ դիվանագետներին պաշտոնից հեռացնելուց առաջ ժամանակ չեն տալիս: Սովորաբար նոր վարչակազմը պայմանավորվում է հնի հետ՝ դեսպանների աշխատանքը մի քանի շաբաթով կամ ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դիվանագետների տվյալներով, որոնք տեսել են փաստաթուղթը, դեսպանները պետք է հեռանան առանց բացառությունների: Վաշինգտոնը մի քանի ամիս հնարավոր է մնա առանց գլխավոր ներկայացուցիչների Գերմանիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում ու այլ երկրներում: