Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Իրանը հրաժեշտ տվեց նախկին նախագահ Ռաֆսանջանիին

Իրանը հրաժեշտ տվեց նախկին նախագահ Ռաֆսանջանիին
10.01.2017 | 22:04

Իրանի չորրորդ նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիին վերջին հրաժեշտ տալու համար Թեհրանի համալսարանի տարածքում հազարավոր մարդիկ էին հավաքվել: Այստեղ էր նաև երկրի ողջ քաղաքական վերնախավը, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որ հազարավոր իրանցիների հետ աղոթում էր Ռաֆսանջանիի հոգու հանգստության համար: Նրա աճյունն ամփոփվեց 1979-ի իսլամական հեղափոխության առաջնորդի` այաթոլլահ Խոմեինիի դամբարանի հարևանությամբ:


Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիրներից մեկը համարվող Ռաֆսանջանին երկրի նորագույն պատմության առանցքային գործող անձանցից մեկն էր: 1989-ին նա որոշիչ դերակատարություն ունեցավ, երբ Խոմեինիի մահից հետո վճռվում էր նրա քաղաքական ժառանգորդի անունը: Հենց իրանական խորհրդարանի` Մեջլիսի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Ռաֆսանջանին էր, որ բուռն քննարկումների ընթացքում պնդեց, որ 74 մահմեդական հոգևորականներից կազմված խորհուրդը Խամենեիին վստահի Իրանի հոգևոր առաջնորդի պարտականությունները: «Իմամ Խոմեինին ինձ անձամբ է ասել` երկրի հաջորդ ղեկավարի պաշտոնում հարկավոր է ընտրել պարոն Խամենեիին»,- 1989-ի հունիսին Ռաֆսանջանիի հնչեցրած այս խոսքերն էին, որ Ալի Խամենեիի համար ճանապարհ հարթեցին դեպի իրանական պետության ղեկավարի պաշտոնը, որ նա վարում է 28 տարի անընդմեջ: Ինքը՝ Ռաֆսանջանին, 1989-1997-ին Իրանի իշխանական բուրգի ազդեցությամբ երկրորդ` հանրապետության նախագահի պաշտոնում էր:


Ռաֆսանջանին հակված էր ԱՄՆ-ի հետ որոշակի երկխոսության ծավալմանը: Հենց Ռաֆսանջանիի նախագահության տարիներին էր Իրանը անում հնարավորը Խորհրդային Միության փլուզումից հետո իր հյուսիսային սահմանի երկայնքով ձևավորված նորանկախ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Ռաֆսանջանիի նախագահության տարիներին Երևանի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, իսկ 1992-ի մայիսին Իրանի նախագահը Թեհրանում ղարաբաղյան կարգավորմանը նվիրված բանակցություններ կազմակերպեց, որոնց արդյունքում հրապարակվեց Ռաֆսանջանիի, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի համատեղ հայտարարությունը, որում տեղ գտած դրույթները կյանքի չկոչվեցին:


Ներքաղաքական ասպարեզում Ռաֆսանջանիի հարաբերություններն իր երբեմնի հովանավորյալ Խամենեիի հետ տարեցտարի վատթարանում էին: 2009-ին նախագահական ընտրությունների ընթացքում Ռաֆսանջանին աջակցեց ընդդիմության թեկնածու Միր-Հոսյեն Մուսավիին, որ առիթ տվեց Խամենեիի աջակցությունը վայելող նախագահ Մահմուդ Ահմադինեժադին կոշտ քննադատության ենթարկել Ռաֆսանջանիին` նրա ընտանիքի հասցեին կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնելով:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ