Բոլոր ցուցանիշներով յոթ տարում ԱՄՆ-ը առաջընթաց է գրանցել՝ երեկ Չիկագոյում հրաժեշտի ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Եթե 8 տարի առաջ ասեի, որ ԱՄՆ-ը կհաղթահարի մեծ դեպրեսիան, կվերակենդանացնի ավտոինդուստրիան, կմտնի աշխատատեղերի ստեղծման ամենաերկար փուլ, եթե ասեի, որ նոր գլուխ ենք բացում կուբացի ժողովրդի հետ, առանց մեկ կրակոցի վերջ կդնենք Իրանի միջուկային զենքի ծրագրին և կվերացնենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ոգեշնչողին, եթե ասեի, որ ամուսնության հավասարության կհասնենք և ևս 20 միլիոն մարդու համար բժշկական ապահովագրության իրավունք կապահովենք, դուք կարող էիք ասել, որ ամպերի վրա սավառնում ենք,-ասել է նա:- Երկիրը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից, ստեղծվել են նոր աշխատատեղեր։ Ոչնչացվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչները։ ԱՄՆ-ը նոր էջ է բացել Կուբայի հետ շփումներում»։ Նա հորդորել է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը՝ ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշելով ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: ԱՄՆ նախագահը ամբիոնից դիմել է կնոջը՝ Միշել Օբամային. «Վերջին 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը։ Ես հպարտանում եմ քեզնով: Ողջ երկիրն է հպարտանում քեզնով»: Ելույթի ժամանակ Օբաման կրկնել է իր առաջին ընտրության կարգախոսը՝ «Այո, մենք կարող ենք», և ավելացրել՝ «Այո, մենք արեցինք»:
Անդրադառնալով սպառնալիքներին՝ Օբաման նշել է. «ԻԼԻՊ-ը փորձում է սպանել անմեղ մարդկանց, սակայն նրանք չեն կարողանա հաղթել Ամերիկային, քանի դեռ չենք դավաճանել մեր Սահմանադրությանն ու սկզբունքներին, որոնց համար պայքարում ենք: Ռուսաստանի կամ Չինաստանի պես մրցակիցները չեն կարող համեմատվել աշխարհում մեր ազդեցության հետ, եթե մենք ինքներս չհրաժարվենք դրանից և չդառնանք ևս մեկ երկիր, որը հոշոտում է իր փոքր հարևաններին»: