ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը անդրադարձել է հայ - ադրբեջանական սահմանագոտում դեկտեմբերի 29-ի միջադեպին՝ հայտնելով իր մտահոգությունը «մարդասիրական ասպեկտներով»: «Եվրոպայի խորհուրդը ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբին ու սատարում է նրա դերը: Այդուհանդերձ, մենք մտահոգված ենք հակամարտության մարդասիրական ասպեկտներով: Ես տեղյակ եմ, որ դեկտեմբերի 29-ին հրադադարի խախտումների հետևանքով զոհեր են եղել, և որ հայկական Զինված ուժերը դեռևս իրենց մոտ են պահում մարտում զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը»,- ասված է Յագլանդի հայտարարությունում, որը հրապարակված է ԵԽ պաշտոնական կայքէջում:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը և լիակատար աջակցություն է հայտնում «աճյունները անհապաղ վերադարձնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին, 2010-ի Աստրախանի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան, նկատի ունենալով խնդրի մարդասիրական բնույթը»: