«ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռևս կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի վերաբերյալ: ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել հարցի շուրջ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ ու մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները:
Քանի դեռ բանակցություններն ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»՝ հաղորդել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակից: Հարցին անդրադարձել է նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ասելով, որ ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը և Հայաստանը շարունակում են բանակցությունները ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությունը շարունակելու հարցի շուրջ: Նա շեշտել է, որ Հայաստանը սատարում է գրասենյակի գործունեությանը և մշտապես աջակցություն է ցուցաբերում վերջինիս: Բալայանը նկատել է, որ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո Երևանի գրասենյակը ԵԱՀԿ-ի միակ լիարժեք ներկայությունն է Հարավային Կովկասում: «Երևանի գրասենյակի դերը արժևորվում է նաև ինչպես ԵԱՀԿ նախագահության, քարտուղարության, կազմակերպության այլ մարմինների, այնպես էլ մասնակից երկրների բացարձակ մեծամասնության կողմից՝ բացառությամբ մեկի: Ներկայում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը շարունակում է որոշման նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները, և Հայաստանը, որպես գրասենյակը հյուրընկալող երկիր, մաս է կազմում այդ խորհրդակցություններին: Քանի որ բանակցությունները շարունակվում են, այս պահի դրությամբ նպատակահարմար չենք համարում խորհրդակցությունների մանրամասների ներկայացումը»,- ասել է Տիգրան Բալայանը: