Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը

Հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը
15.01.2017 | 17:32

ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, որը տեղի է ունենալու հունվարի 23-27-ին, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը բարձր են՝ ասել է ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով, դրան նպաստում է, որ Միլանի դատախազությունը գործ է հարուցել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ, և աղմկահարույց սկանդալում շոշափվում է Պեդրո Ագրամունտի անունը: «Վոլոնտեն համաձայնել է համագործակցել իրավական համակարգի հետ և տվել է խոստովանական ցուցմունքներ, որ Ադրբեջանի կողմից կոռուպցիոն ողջ սկանդալի մեջ ներգրավված է եղել նաև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը: Դրա համար է, որ հոկտեմբերյան նստաշրջանում Ագրամունտը հիստերիկ խոչընդոտում էր իմ և Նաիրա Կարապետյանի ելույթները, երբ մենք խոսում էին Ադրբեջանի այդ կոռուպցիոն սկանդալի մասին: Ես կարծում եմ, որ սա չի կարող անհետևանք մնալ, ու կարծում եմ, որ հունվարյան նստաշրջանում պետք է բարձրացվի Ագրամունտի պաշտոնավարման շարունակության հարցը, որովհետև չի կարող 47 երկրներ ներկայացնող Վեհաժողովի նախագահ լինել մի անձնավորություն, որի մասին գերմանական հայտնի հասարակական կազմակերպության «խավիարային դիվանագիտություն» անվանումով զեկույցում սկանդալային բացահայտումներ կան Ադրբեջանի ու Ռուսաստանի կողմից կաշառված լինելու մեջ»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Վոլոնտեն արդեն իր ցուցմունքներում տվել է Ագրամունտի անունը, նշելով, որ թե Ագրամունտը, և թե ԵԽԽՎ խմբերի տարբեր խմբերի ղեկավարներ և տարբեր պատգամավորներ ներգրավված են եղել Ադրբեջանի կողմից` Բաքվի շահերը սպասարկելու համար 3 մլն եվրո կաշառք ստանալու սկանդալային պատմության մեջ:
«Ագրամունտին անվստահություն հայտնելու շանսերը ես բարձր եմ գնահատում, քանի որ Միլանի դատախազությունը այդ բոլոր նյութերը ուղարկել է նաև Իսպանիայի իրավական համակարգին, այդ թվում այն հատվածը, որտեղ շոշափվում է Պեդրո Ագրամունտի անունը, և ես կարծում եմ, որ Իսպանիայի պատվիրակությունը իր վրայից այդ կեղտը մաքրելու համար, պետք է շահագրգիռ լինի, որ Ադրբեջանի կամակատար և Ալիևի աշխատակազմի կրտսեր աշխատող Պեդրո Ագրամունտը օր առաջ հեռացվի այդ կարևորագույն պաշտոնից»,-ասաց Զոհրաբյանը:


Հարցին, թե նման նախաձեռնությամբ հանդես կգա Հայաստանի՞ պատվիրակությունը, թե կլինեն նաև այլ պատգամավորներ, նա պատասխանեց. «Նախաձեռնությունը կլինի եվրոպական տարբեր պատվիրակություններ ներկայացնող պատվիրակների կողմից, և Հայաստանի պատվիրակությունը անպայմանորեն կմիանա դրան՝ անելով առավելագույնը: Քայլեր կան, որ մեր պատվիրակությունն է նախատեսել, բայց ես իրավասու չեմ այդ քայլերի մասին բարձրաձայնել: Եթե այս նստաշրջանում այդ մասին ձայն չբարձրացվի, Ագրամունտը ևս մեկ տարի կպաշտոնավարի»:


Անդրադառնալով հարցին, որ հունվարյան նստաշրջանում նախատեսված է ԵԽԽՎ նախագահի ընտրություն, և որքանով է հավանական, որ Ագրամունտը կվերընտրվի, Զոհրաբյանն արձագանքեց. «ԵԽԽՎ նախագահի ընտրությունը արարողակարգային բնույթ է կրում, որովհետև ներքին պայմանավորվածութան համաձայն, ավտոմատ կերպով գործող նախագահի լիազորությունները 1 տարով երկարացվում են, հատուկ ընտրություն նախատեսված չէ: Նախագահի ընտրությունը գնում է ներքին կանոնակարգային համաձայնությունների հիման վրա, այսինքն` ռոտացիոն կարգով յուրաքանչյուր քաղաքական խմբից ընտրվում է նախագահ, որը 2 տարով պաշտոնավարում է: Հիմա եթե այս կոռուպցիոն սկանդալի հետ կապված Ագրամունտին անվստահություն հայտնելու հարց բարձրացնող չլինի, նա կպաշտոնավարի ևս 1 տարի»:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ