Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը Կոսովոյի ալբանացիներին մեղադրել է «պատերազմ սադրելու» մեջ, երբ «Կոսովոն սերբական է» գրությամբ պաստառով Բելգրադից դուրս եկած սերբական գնացքը երեկ ստիպված կանգ է առել և չի մտել Կոսովոյի տարածք: «Մենք բախման եզրին էինք»՝ հայտարարել է Նիկոլիչը և ընդգծել, որ «Սերբիան պաշտպանելու է իր տարածքի ամեն մի թիզ, այդ թվում` Կոսովոն»:
Կոսովոյում բնակվող սերբերը պնդում են, որ «հայտնվել են ալբանացիների լծի տակ»: Հունվարի 14-ին սերբերը որոշել են չշարունակել երթուղին դեպի Կոսովոյի սերբաբնակ հյուսիսային շրջան, ստանալով տեղեկություն, որ ալբանացիները պատրաստվում են հարձակվել գնացքի վրա:
Գնացքը, որ սերբերը ստացել են Ռուսաստանից, ներկված է սերբական ազգային դրոշի գույներով և զարդարված է «Կոսովոն սերբական է» 21 լեզուներով գրված պաստառներով: Գնացքը պետք է հասներ Կոսովոյի հյուսիսում գտնվող Միտրովիցա, որի բնակիչների գերիշխող մասը սերբ է: