Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Էրթարին Քազնը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական և ճգնաժամային օգնության հարցերով խորհրդական Սթիֆեն Օ’Բրայենը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Սիրիայի հարցով:
«Մինչ Սիրիայում վերջնական հրադադար հաստատելու ջանքերը շարունակվում են, մենք կրկին կոչ ենք անում անհապաղ, աներկբա և անվտանգ մուտքի հնարավորություն ընձեռել այն երեխաներին և ընտանիքներին հասնելու համար, որ ողջ երկրի տարածքում շարունակում են զրկված լինել մարդասիրական օգնությունից: Սիրիայում այսօր 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700 հազար մարդ, նրանց 300 հազարը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով», - ընդգծում են հայտարարության հեղինակները:
«Մենք և աշխարհը չպետք է լռենք, երբ հակամարտության կողմերը շարունակում են սննդի, ջրի, բժշկական պարագաների և օգնության այլ ձևերի արգելքը կիրառել որպես պատերազմական զենք: Երեխաները թերսնման, ջրազրկման, փորլուծության, վարակիչ հիվանդությունների, վնասվածքներ ստանալու առումով ամենաբարձր ռիսկային գոտում են: Նրանցից շատերը աջակցության կարիք ունեն` տրավմատիկ իրադարձությունների ականատես լինելով և բռնության տարատեսակ դրսևորումների ենթարկվելով: Դժբախտաբար, չափից շատ երեխաներ իրենց կյանքում հակամարտություններից ու կորուստներից զատ քիչ բան են տեսել»,- նշված է հայտարարությունում:
«Հալեպի հարավային հատվածներում տեղի ունեցած սարսափները ջնջվել են հանրային գիտակցությունից, բայց մենք չպետք է թույլ տանք, որ Սիրիայի ժողովրդի կարիքները, կյանքն ու ապագան ի չիք դառնան հանրային գիտակցությունից: Մենք չպետք է թույլ տանք, որ 2017-ը Սիրիայում կրկնի 2016-ի ողբերգությունները»,- ասված է հայտարարությունում, որը հրապարակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: