Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու խորհրդարանի երեք նիստի մասնակցելու իրավունքից իրեն զրկելու որոշումը։ «Ակօս» պարբերականի հաղորդմամբ՝ Փայլանը թուրքական Մեջլիսի որոշումը հակասահմանադրական է համարում, պնդելով, որ խախտվում է պատգամավորական անձեռնմխելիության և խոսքի ազատության իրավունքը։ Հայազգի պատգամավորի կարծիքով՝ իրեն պատժելու որոշումը հակասում է խորհրդարանի ներքին կանոնադրությանը, ուստի նա դիմում է ներկայացրել նաև Թուրքիայի Ազգային ժողովի նախագահությանը՝ պահանջելով վերանայել որոշումը։
Գարո Փայլանը զրկվել էր խորհրդարանական երեք նիստի մասնակցելու իրավունքից՝ անցած ուրբաթ թուրքական Մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Խորհրդարանականները, վրդովված Փայլանի ելույթից, պահանջել էին նրան հեռացնել Մեջլիսի նիստից։ Պատգամավորի խոսքերը հանվել էին նաև նիստի արձանագրություններից։