Չինական The South China Morning Post թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Գերագույն դատարանը հաստատել է, որ Սաուդյան Արաբիային Կարմիր ծովի Տիրան ու Սանաֆիր կղզիների հանձնումն ապօրինի է։ Գերագույն դատարանը մերժել է կառավարության բողոքարկումը ընդդեմ վարչական դատարանի որոշման, որով ուժը կորցրած է ճանաչվել նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Սաուդյան Արաբիային կղզիները հանձնելու պայմանագիրը։ Եգիպտոսի Գերագույն դատարանի հայտարարության մեջ նշված է, որ կառավարությունը չի կարողացել ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեին հակառակը։
Անցած տարի ապրիլին Եգիպտոս էր այցելել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլլահ Ազիզ ալ-Սաուդը և այցի ժամանակ կողմերը ստորագրեցին կղզիները սաուդյան կողմին հանձնելու պայմանագիրը։ Եգիպտոսի իշխանություններն այն ժամանակ պարզաբանեցին, որ կղզիները պատկանում են թագավորությանը և 1950 թվականից Կահիրեի պաշտպանության ներքո են գտնվել սաուդցիների խնդրանքով։ Այդ որոշումը հարուցել էր բազմաթիվ եգիպտացիների դժգոհությունը։