Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵԱՀԿ գերմանական նախագահության հայտարարությունը հերքում է Բաքվի պնդումները

ԵԱՀԿ գերմանական նախագահության հայտարարությունը հերքում է Բաքվի պնդումները
18.01.2017 | 11:38

ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հայտարարությունը հերքում է Բաքվի պնդումները: ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության հայտարարությունում, որը դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հնչեցրել է Գերմանիայի դեսպան Էբերհարդ Պոլը, հստակ նշվում է, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը արգելափակելու համար Ադրբեջանի «պատճառներն» անհիմն են: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հայտարարությունը. «Նախապատրաստական կոմիտեում հնարավոր չեղավ հասնել կոնսենսուսի Երևանում ԵԱՀԿ գրասենյակի, ՈՒզբեկստանում Ծրագրերի համակարգողի, Տաջիկստանում գրասենյակի, Բիշքեկում Կենտրոնի, երկու ռուսական սահմանային անցակետերում դիտորդական առաքելության մանդատների երկարաձգման, 2016 թ.Հավաքական բյուջեի վերանայման վերաբերյալ:

Բոլոր այս որոշումներում մենք մոտ ենք կոնսենսուսին: Բոլոր այս որոշումներում կոնսենսուս հասնելու խոչընդոտն է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի օրակարգում նախատեսված մի ծրագիր: Մեր քննարկումների ժամանակ մի պատվիրակություն մտահոգություն էր հայտնել, որ մարդասիրական ականազերծման ոլորտում նախատեսված այդ ծրագիրը հակասում է գրասենյակի մանդատին: Թույլ տվեք տեղեկացնել ձեզ, որ 2016-ի հավաքական բյուջեի բանակցություններից հետո Գերմանական նախագահությունը Երևան գործուղեց իր հատուկ ներկայացուցիչ Բեխլերին` այդ ծրագրի գործունեությունն ուսումնասիրելու առաջադրանքով: Նրա ուսումնասիրության հիման վրա, մենք եկանք եզրակացության, որ տվյալ ծրագիրը գրասենյակի մանդատից դուրս չէ: Այնուհանդերձ, մենք ի գիտություն ընդունեցինք, որ մտահոգությունները պահպանվում են և մենք հավատում ենք, որ հնարավոր է փարատել այդ մտահոգությունները:


Ավստրիական նախագահության հետ մեկտեղ, մենք աշխատել ենք այս ուղղությամբ: Խիստ ցավալի է, որ մինչ այժմ հնարավոր չի եղել համաձայնության գալ Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ, թեև բովանդակային առումով բոլորի համար ընդունելի որոշումը գտնվել էր:
Մնացած հարցերը բացարձակապես ընթացակարգային են, և մենք վստահ ենք, որ դրանք շուտով կգտնեն իրենց լուծումն ավստրիական նախագահության ղեկավարության ներքո: Մենք հասկանում ենք, որ դա թույլ կտա ընդունել ներկայումս արգելափակված որոշումները: Ելնելով այն հանգամանքից, որ մենք ակնկալում ենք այդ որոշումների մանդատների մոտալուտ ընդունումը, մենք խորհուրդ կտայինք Գլխավոր քարտուղարին այս պահին չնախաձեռնել այդ առաքելությունների փակման գործընթացները:
Թույլ տվեք ընդգծել, որ դաշտային առաքելություններն այս կազմակերպության առանձնահատուկ արժեքն են և մեր ընդհանուր պարտքն է ապահովել նրանց պատշաճ գործունեությունը: Ես կցանկանայի շեշտել, որ դաշտային առաքելությունների ծրագրերը և գործունեությունը պետք է բարձրացվեն, քննարկվեն և հասցեագրվեն բյուջետային բանակցությունների շրջանակներում: Այս տեսակետից, ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս իրավիճակի բացառիկության վրա, որը չպետք է ծառայի որպես օրինակ մանդատների ապագա երկարաձգման ժամանակ:


Առավել ընդհանուր դիտարկում. մտահոգիչ է, որ այն մասնակից երկրները, որոնք շարունակվող հակամարտությունների պայմաններում կարող են ամենաշատն օգտվել ԵԱՀԿ-ից և նրա գործիքակազմից, առավել քիչ են հակված փոխզիջման: Անփոփոխ դիրքորոշումների վրա պնդելը, ճկունության բացակայությունը, նույնիսկ այն դեպքում, երբ մտահոգությունները բովանդակային առումով հասցեագրված են, վնասակար են թե մեր աշխատանքի, թե անվտանգությունն ու համագործակցությունը առաջ մղելու մեր ընդհանուր գործունության համար: Եթե նման մոտեցումը շարունակվի կամ դառնա ընդհանուր գործառույթ, կարող է կաթվածահար անել ԵԱՀԿ-ն:


Մենք չէինք ակնկալում այսքան կիսատ գործեր թողնել գալիք ավստրիական նախագահությանը: Այնուհանդերձ, թույլ տվեք կրկնել, որ համոզված եմ, որ այսօրվա խոչընդոտը գալիք օրերի ընթացքում իր արագ լուծումը կստանա: Սիրելի Կլեմենս, ցանկանում եմ քեզ կամք և հաջողություն»:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ