IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հալեպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը համարել է կարևորագույն քայլեր Սիրիայում կայունության ու խաղաղության վերականգնման համար։ Սիրիայի վարչապետ Իմադ Մոհամադ Դիբ Համիսի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Հուսով ենք, որ Աստանայի առաջիկա հանդիպումը հող կնախապատրաստի միջսիրիական իրական բանակցությունների մեկնարկի համար և կհանգեցնի լավ արդյունքների։
Սիրիայի բոլոր ընկերների գլխավոր նպատակը կայունության ու խաղաղության հաստատումն է, որի արդյունքում Սիրիայի ժողովուրդը կարող է որշում ընդունել իր ապագայի վերաբերյալ։ Իրանը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը, տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար»։
Սիրիայի վարչապետը երախտագիտություն է հայտնել Իրանի կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար. «Մենք ողջունում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն ու որոշում, որ ուղղված է Սիրիայում խաղաղության ու անվտանգության վերականգնմանը»։ Հունվարի 23-24-ին Աստանայում անցկացվելու են միջսիրիական բանակցություններ։