ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի լիազորություններն այսօր կավարտվեն, և մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարումը կստանձնի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վաշինգտոնում կեսօրին, Երևանի ժամանակով երեկոյան ժամը 9-ին: Ընտրյալ նախագահը երդումը կարտասանի Ներկայացուցիչների տան և Սենատի համալիրի՝ Կապիտոլիումի աստիճաններին, որտեղ պատրաստ է հանդիսավոր արարողության հարթակը: Մինչև 1933-ը երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 4-ին՝ ընտրություններից չորս ամիս անց, 1933-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության 20-րդ լրամշակումը, որով այդ ժամկետը կրճատվել է:
Ընտրությունից մինչև երդում ընկած ժամանակաշրջանում, եթե արտառոց որևէ բան չի պատահում, հեռացող նախագահը, որին ամերիկյան քաղաքական ավանդույթի համաձայն անվանում են lame duck՝ «կաղ բադ», ավարտին է հասցնում գործերը, ներման հրամանագրեր է ստորագրում, կարգավորում է արխիվը, հավաքում է իրերը և գործերը հանձնում է նոր նախագահի թիմին: Ընտրյալ նախագահն այդ ընթացքում կազմում է թիմը, որն առաջիկա 4 տարիներին ղեկավարելու է երկիրը:
538 ընտրիչների մեծամասնության՝ 270-ի քվեն բավական է թեկնածուներից մեկին հաղթող հռչակելու համար: Թրամփի պարագայում վճռական էր Տեքսասի նահանգը, որտեղ հաղթելով՝ նա հատել է 270 քվեի շեմը, ընդհանուր հաշվով նա ստացել է 304, իսկ Քլինթոնը՝ 227 քվե: Քվեարկության արդյունքները Ընտրիչների կոլեգիան ամփոփել է անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, Կոնգրեսը վավերացրել է հունվարի 6-ին: Այսօր երդումն ընդունելու է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, կարճ ժամանակ անց տեղի կունենա փոխնախագահ Մայք Փենսի երդմնակալությունը: Նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը հայրենակիցներին կդիմի իր առաջին ուղերձով: Ամերիկյան ավանդույթի համաձայն, հեռացող նախագահը պարտավոր չէ մասնակցել ընտրյալ նախագահի երդմնակալությանը, բայց որպես կանոն ներկա է լինում, անցած 96 տարիների ընթացքում ավանդույթը չի խախտվել: Հնարավորության դեպքում արարողությանը մասնակցում են նաև նախկին նախագահները, ներկա և նախկին բարձրաստիճան քաղաքական և հասարակական գործիչները, հանրային ճանաչում ունեցող մարդիկ, այդ թվում` շոու բիզնեսի աստղերը: ԱՄՆ-ում մեծ ճանաչում ունեցող գործիչների և աստղերի մի խումբ որոշել է բոյկոտել Թրամփի պաշտոնամուտի արարողությունը: