ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ներկայացրել ենք այն իրավիճակը, որ կա, բնականաբար, սա այն դեպքերից է, երբ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախարարը շատ հստակ, դիպուկ պատասխան է տվել, նախ առաջինը, որ դա Ադրբեջանի ներքին գործը չէ, այսինքն՝ Ադրբեջանը չէ, որ պետք է որոշի Ղարաբաղի կարգավիճակը»,- ասաց նա: Շարմազանովի խոսքով՝ Լավրովի պատասխանում կարևոր էր, որ նա ասել է այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը: «Խնդիրը կլինի լուծված, երբ կհստակեցվի ԼՂՀ վերջնական կարգավիճակը, առանց դրա այս խնդիրը չի կարող լուծվել, ադրբեջանական հեքիաթները, որ իրավիճակը կկայունանա, երբ տարածքներ հանձնվեն, Լավրովը հերքեց»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Շարմազանովը շեշտեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է, որ եթե առաջընթաց ենք ուզում, պետք է վերացնենք ոչ թե հետևանքները, այլ պատճառները: «Իսկ պատճառը ԼՂՀ ժողովրդի ազատ կամարտահայտումն է, իսկ Ադրբեջանը չի ցանկանում ընդունել, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ունենա կարգավիճակ, որն ինքը կորոշի»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ նմանատիպ պատասխանները չեն լինի եզակի, և 2017-ին այդ գնահատականները կհնչեցվեն ոչ միայն ռուսական կողմից, այլև՝ մյուս համանախագահ երկրների: