Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է սկսել ԵԽԽՎ նստաշրջանը: ԵԽԽՎ փոխնախագահ վերընտրված ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ելույթ է ունեցել Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի ընթացիկ զեկույցի ձևաչափում՝ «Հանրաքվեի գործընթացներ, խորհրդարանական ընտրությունները Հայաստանում» թեմայով: Նա նշել է, որ վերջին երկու տարիները Հայաստանի քաղաքական զարգացումներում ուշագրավ էին և աշխույժ, նախաձեռնվել են Սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որն ընդունվեց հանրաքվեով՝ 2015-ի դեկտեմբերին և բարեփոխումներ, որոնք իրենց բովանդակային նախադրյալներով կենսական էին՝ կերտելու առավել կայուն և ժողովրդավարական համակարգ և կատարելագործելու սահմանադրական մեխանիզմները, որոնք ապահովում են համապատասխան ուժերի հավասարակշռությունը և օրենքի գերակայությունը:
«Մեզ համար շատ կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի հավանությանն են արժանացել և եվրոպական արժեքներին համապատասխան են համարվել: Հանձնաժողովի գրեթե բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից: Հանրաքվեից հետո մենք ձեռնարկեցինք իրավական համակարգի փոփոխման և նոր իրողություններին համապատասխանեցման լայնածավալ գործընթաց: Նոր սահմանադրական օրենքներ ընդունվեցին, բազմաթիվ օրենքներում և իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարվեցին, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի օրենքում, Տեղական ինքնակառավարման և խորհրդարանի Կանոնակարգ օրենքներում: Օրենսդրական փոփոխությունների մի խոշոր փաթեթ նախատեսվում է նաև 2017-ի համար՝ կրկին Վենետիկի հանձնաժողովի և այլ միջազգային շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցությամբ»՝ ասել է ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության ղեկավարը: Նա հիշեցրել է, որ Ընտրական օրենսգիրքը առավել քննարկված փաստաթուղթն էր, որի մշակման գործընթացն ընթացել է քաղաքական բոլոր շահագրգիռ կողմերի հետ սերտ համագործակցության ոգով, համագործակցության բացառիկ ձևաչափով՝ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության սեկտորի հավասար մասնակցությամբ: Նոր Ընտրական օրենսգիրքը լիարժեք հուսալի հիմք է ստեղծում առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար: ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահը շեշտել է. «Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի իշխանությունների գերխնդիրն է: Որպես իշխող կոալիցիայի ներկայացուցիչ, ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ մեզ համար ընտրությունների լեգիտիմությունն ու պատշաճ ընթացքը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները: Մեր պարտականությունն է անցկացնել ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ՝ հիմնականում հիմնված մրցակցային գաղափարների և ծրագրերի վրա: Հայաստանի ժողովուրդը ընտրել է ժողովրդավարության ուղին, և որևէ արտաքին խոչընդոտ չի կարող մեզ շեղել այդ ուղուց»:
Ընթացիկ զեկույցի ձևաչափում Հերմինե Նաղդալյանը անդրադարձել է և ԼՂ հարցին՝ նշելով. «Չնայած անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի, Հայաստանի հետ սահմանին վերջին ռազմական ոտնձգության, որը դատապարտվեց միջազգային հանրության կողմից՝ մենք չենք հեռացել մեր ժողովրդավարական ուղուց և հավատարիմ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նման գործողությունները, որոնք խաթարում են Հայաստանի, Ղարաբաղի և տարածաշրջանի անվտանգությունն ընդհանրապես, չեն սասանում մեր վճռականությունը իրականացնելու լայնամասշտաբ բարեփոխումներ՝ դատական, մարդու իրավունքների և այլ կարևոր բնագավառներում՝ բոլորը համահունչ մեր միջազգային պարտավորություններին: Մեր նվիրվածությունը մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը երբեք պայմանավորված չէ որևէ արտաքին գործոնով, լինի աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ»: