«Ռուսաստանն ու Հայաստանը ունեն հատուկ դաշնակցային հարաբերություններ և քննարկելու շատ հարցեր կան, կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են փաստաթղթեր, որոնք ուղղված են համագործակցության զարգացմանը: Հույս ունեմ, որ այդ փաստաթղթերը կնպաստեն Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանը»՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ իր մերձմոսկովյան նստավայրում ընդունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Մեդվեդևը հավելել է, որ չնայած էներգակիրների գները նվազել են, առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև կայուն է, նույնիսկ արձանագրվել է 70 տոկոսի աճ, ինչին նպաստել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին հրավերի համար և շնորհավորել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Կարապետյանի առաջին պաշտոնական այցն է արտերկիր, և նա Մոսկվայում է Դմիտրի Մեդվեդևի հրավերով: Բանակցությունների օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: