ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի շրջանակում, ՌԴ վարչապետի կեցավայրում տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, աշխատանքային նախաճաշի շրջանակում, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Համագործակցության ավանդական ուղղություններից բացի, կողմերը քննարկել են նոր ուղղություններով գործակցության ընդլայմանը նոր թափ հաղորդելու, ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան բիզնեսում ներգրավելու հետ կապված հարցեր:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները, որպես օրակարգային առանցքային կետեր, առանձնացրել են համատեղ ներդրումային նախագծերի իրականացումը և ԵԱՏՄ ձևաչափով առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը: Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը և դրանում ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությանը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևորել է առաջարկը և կարծիք հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսևորեն:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել լիզինգային կամ այլ հիմունքներով Հայաստանին գյուղտեխնիկայի տրամադրման հարցին, կարևորվել է գյուղատնտեսության ոլորտում համատեղ ձեռնարկությունների հիմնման գաղափարը:
Պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպման ավարտին, ՀՀ-ի և ՌԴ-ի համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր են ստորագրվել՝ «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի (ՌԴ) միջև՝ 2015 թ. հոկտեմբերի 7-ի՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման ու միջուկային և ռադիացիոն անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված գործնական միջոցառումների իրականացման մասին» արձանագրությունը, «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության 2016-2021 թթ.» ծրագիրը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը:
Կողմերը հայտագրեր են փոխանակել 2000-ի սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև՝ «ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև համաձայնագիր:
ՀՀ և ՌԴ վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: