ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը մասնակցել է հայ և թուրք լուսանկարիչների՝ Երևանում կազմակերպված համատեղ՝ «Կամրջելով պատմությունները» ցուցահանդեսին: ԱՄՆ դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է հաշտեցում հայ և թուրք ժողովուրդների միջև:
«Մենք միշտ հստակ նշել ենք, որ հաշտեցման համար անհրաժեշտ է, որ լինի ամբողջական, լիարժեք ճանաչում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին,- լրագրողներ հետ զրույցում նշեց Ռիչարդ Միլսը: - ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցում լինի, դա բխում է տարածաշրջանի, Կովկասի շահերից, դա այն է, ինչը կբերի խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»:
Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի փոփոխության հետ կապված՝ նաև ԱՄՆ դեսպանների հնարավոր փոփոխության հարցին, Ռիչարդ Միլսը նշեց, որ իր լիազորությունները դեռևս ուժի մեջ են. «Անկեղծ ասած՝ ինձ յուրաքանչյոր պահի կարող են առաջարկել՝ թողնել պաշտոնը: ԱՄՆ-ի յուրաքանչյուր դեսպան ծառայում է երկրի նախագահին: Այս պահին իմ պաշտոնը վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ որևէ հրահանգ չկա»,- ասաց Ռիչարդ Միլսը՝ կատակելով. «Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան լինելն աշխարհում լավագույն գործն է, բայց այս մասին այստեղ-այնտեղ չասեք»: