ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Ադրբեջանին հիշեցրել է ՄԽ գործառույթների մասին։ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարություն էր տարածել՝ քննադատելով ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների ղեկավարների և համանախագահների գործունեությունը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչերը։
Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությունը ներկայացրել է ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի արձագանքը. «Ես և Մինսկի խմբի համանախագահ իմ գործընկերները մեր դիրքորոշումը հայտնել ենք հունվարի 9-ի հայտարարությամբ: Մենք շարունակելու ենք օգնել բանակցություններին, որոնց նպատակը տևական խաղաղության հաստատումն է՝ հիմք ընդունելով միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում: Մենք կշարունակենք խաղաղ կարգավորմանն ուղղված մեր միջնորդական ջանքերը, քանի դեռ կողմերը մեր ծառայությունները համարում են օգտակար: Սակայն, ի վերջո, առաջնորդները պետք է հանդես բերեն քաղաքական կամք, որն անհրաժեշտ է արդարացի ու տևական կարգավորման համար, որն էլ խաղաղություն ու բարեկեցություն կապահովի իրենց ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար»,- ասված է Հոգլանդի հայտարարության մեջ։