ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Հարավային Կարոլինայի նահանգապետ Նիկի Հեյլին: Սենատը երեքշաբթի օրը հաստատեց նրա թեկնածությունը: Թեև որոշ սենատորներ մտահոգություն են հայտնել արտաքին քաղաքականության ոլորտում Հեյլիի անփորձ լինելու կապակցությամբ, նրա օգտին են քվեարկել 96 սենատորներ, դեմ՝ 4-ը:
Սենատում լսումների ժամանակ Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է «մկաններ ցուցադրել» և Մոսկվայի հետ հարաբերություններում պետք է գործել առանձնահատուկ զգույշ: Նա դատապարտել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ՈՒկրաինայի արևելքում պատերազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցությունը, աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն կիսում է նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի օգնության կարիքն ունի ահաբեկչության դեմ պայքարում: